Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն այսօր` հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում մի բացահայտում արեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի մասին, ով այն տարիներին մշակույթի փոխնախարար է եղել:

Նրա խոսքով, երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնորդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության միջնորդության` պատճառաբանելով, որ ինքը մշակույթի փոխնախարար է եւ դեմ քվեարկելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն իրեն աշխատանքից կազատի:

Սիրունյանը բացահայտում արեց նաեւ իր մասով, նշելով, որ Վանո Սիրադեղյանի գործով հարցաքննության ժամանակ թույլ է տվել, որ իրեն հարցաքննելիս ստի դետեկտոր կիրառեն:

«Ես ստի դետեկտորի վրա պատասխանել եմ ոստիկանների հարցերին: Միգուցե ճիշտ եմ պատասխանել բոլորի հարցերին կամ կարողացել եմ ցույց տալ, որ ճիշտ եմ պատասխանել զուտ նվիրվածության համար»,- մանրամասնեց Սուրեն Սիրունյանը:

Հարցին, թե իսկապես ճի՞շտ է պատասխանել հարցերին, նա արձագանքեց. «Իհարկե, ոչ»: Նա ընդգծեց, որ եթե ճիշտ պատասխաներ, հիմա ՕԵԿ-ի կամ ՀՀԿ-ի կազմում կլիներ եւ պաշտոն կունենար: Նա նաեւ ասաց, որ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ իսկապես եղել է նամակագրական կապ: «Ես ինքս նամակները փոխանցում էի Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետին` Մովսեսին: Եվ հակառակ գործընթացն էր տեղի ունենում»,- ավելացրեց Սուրեն Սիրունյանը, հավելելով, որ չի կարող ասել, թե վերջերս հրապարկված նամակները բնօրինակներն են եղել, թե` ոչ, քանի որ իրենք փակ ծրարներով են նամակները միմյանց փոխանցել:

Ի դեպ, Սուրեն Սիրունյանը ասաց, որ չի մտածում, որ այսօրվա հայտարարություններից հետո իրեն ոստիկանությունից կամ ԱԱԾ-ից կկանչեն: Նրա խոսքով իր վախը 17 տարեկանից հետո ղարաբաղյան շարժումից հետո վերացել է, հետեւաբար մտածելու բան չունի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի