Ադրբեջանցիների կողմից վիրավորված Հայաստանի Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր սահմանամերձ գյուղի բնակիչն ապաքինվում է: Այդ մասին, հուլիսի 25-ին, լրագրողներին հայտնել է ինքը` Վաչե Մելքումյանը:
52-ամյա Վաչե Մելքումյանը հունիսի 1-ին ազդրի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նրա խոսքով, հունիսի 1-ի առավոտյան ժամը հինգի սահմաններում ինքն ուղեւորվել է խաղողի այգի: Սակայն արեւածագից քիչ ժամանակ անց կրակոց է որոտացել. դիպուկահարը կրակել է գյուղացու ոտքին: Տղամարդուն հաջողվել է սողալով կրակի գծից մի քանի մետր հեռանալ: Այնտեղ նա կարողացել է զանգահարել աներձագին եւ օգնության կանչել, հետո շարունակել է սողալը: Ադրբեջանցի դիպուկահարը եւս մի քանի կրակոց է արձակել վիրավորներին օգնության շտապողների ուղղությամբ: Բժիշկների խոսքով` վերքն սպիանում է:
Տեղի բնակիչների խոսքով` դաշտային ցանկացած աշխատանք կյանքին սպառնացող վտանգի պայմաններում է կատարվում:
«Նախորդ տարի խաղողի բերքը գիշերն էինք հավաքում: Կարո՞ղ եք նման բան պատկերացնել», - ասել է Մելքումյանի կինը:
Սակայն, ինչպես պարզվեց, հակառակորդների ստեղծած խնդիրները միակը չեն: Այսպես, հրազենային վնասվածքով Մելքումյանին հիվանդանոցում բնավ էլ պետպատվերով բուժում չեն հատկացրել: Նրանից կլորիկ գումար են պահանջել, որի հնարավորությունը չի ունեցել, սսել է հարազատներից հավաքել: «Ես երկու ամիս գամված եմ անկողնուն, ով ինձ կփոխհատուցի այս», - հարցնում է Վաչե Մելքումյանը: Նա ադրբեջանական կողմի կրակոցներից տուժած միակ խաղաղ բնակիչը չէ: Միայն ընթացիկ տարում քաղաքացիական 3 անձ է վիրավորվել:




























