«Ես չեմ կարծում, որ Իրանում հեղափոխություն կլինի: Պետությունն այնտեղ վերահսկում է իրավիճակը եւ ամբողջ իրանական ժողովուրդը չէ, որ պաշտպանում է ընդդիմությանը: Դա պետք է նկատի ունենալ»,- նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Բայց եթե դա շարունակվի, եւ հասարակության որոշ մասեր անցնեն ընդդիմության կողմը, հեռանկարում կարող է ինչ-որ բան տեղի ունենա, հատկապես, որ Արեւմուտքը շահագրգռված է դրանով: Ընդդիմությունն ուժեղ է, որովհետեւ այնտեղ կան նաեւ նախկին նախագահներ եւ ներկա շատ պաշտոնյաներ, որոնք դժգոհ են Իրանի ներկա վիճակից: Սակայն, այդուհանդերձ, ներկա դրությամբ, ոչինչ չի սպասվում»,- ասել է Գուլուզադեն ու հավելել, որ Ադրբեջանը չպետք է շահագրգռված լինի Իրանում հնարավոր փոփոխություններով:

«Իրանը Ադրբեջանի համար ինչ-որ բացասական գործոն չէ: Իրանը մեզ, փաստացի, որեւէ վատ բան չի անում, ուստի մենք չպետք է ցանկանանք, որ այնտեղ որոշակի փոփոխություններ լինեն: Եթե Իրանը հեղափոխության արդյունքում դառնա արեւմտամետ, ամերիկամետ պետություն, ապա նա ԱՄՆ ճնշմամբ, ավելի շատ կսերտացնի իր հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք արդեն ականատես ենք եղել, որ ԱՄՆ-ը համագործակցում է „ագրեսոր“ Հայաստանի հետ, ինչպես նաեւ նյութապես աջակցում է անջատողականներին: Ուստի իրավիճակի ապակայունացումը մեզ ոչ մի լավ բան չի բերի»,- ասել է փորձագետը:

Գուլուզադեն նաեւ նշել է. «Շահի ժամանակ Իրանը ամենաարեւմտամետ երկիրն էր, բայց դա դուր չեկավ Իրանի ժողովրդին: Իրանի էլիտան շահի ժամանակ տարանջատվել էր ժողովրդից, լողում էր շքեղության մեջ, երբ ժողովուրդը սոված էր: Հիմա Իրանում լրիվ այլ իրավիճակ է: Հիմա ժողովուրդը պաշտպանում է գործող ռեժիմը: Եվ եթե անգամ ընդդիմությունը հաղթի, նա հանդես է գալու նույն դիրքերից, գուցե մի փոքր ազատականացնի կյանքը: Բայց ազատականացումը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, տոտալիտար ռեժիմներում բերում է ռեժիմի փլուզման եւ պետության մասնատման: Իրանի պետությունը դա լավ գիտի»,- ընդգծել է նա: