Ամռանը տղամարդկանց սեքսուալությունը բարձրանում է, դա եղանակի տաքանալու հետ կարող է կապ ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց  բժիշկ, սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ամռանը մարդիկ թեթեւ զգեստ են հագնում, ինչը կարող է ունենալ գրգռիչ հատկություն:

Նրա խոսքով՝  հետազոտությունները ցույց են տվել, որ կրկնակի կարող է աճել այն մարդկանց սեքսուալ ակտիվությունը, որոնք գտնվում են հանգստյան տներում՝ անկախ նրանից զուգընկերոջ հետ են գնացել, թե այնտեղ են ծանոթացել:

«Կուրորտային սիրավեպերի ժամանակ  մարդիկ ավելի հանգիստ են, ինչն ունի բացատրություն, մարդ տասնմեկ  ամիս անում է նույն գործը եւ գալիս է մի շրջան՝ հանգստյան օրերը, անջատվում է  ամեն ինչից, փոխում է տեսադաշտը: Մինչեւ կրկնապատիկ կարող է ավելանալ նրանց սեռական ակտիվությունը: Դա անշուշտ ունի իր հետեւանքները, լինում է, երբ մարդիկ տարվում են կուրորտային սիրավեպով, մոռանոմ են պաշտպանիչ միջոցների մասին, ինչը կարող է բերել անցանկալի հղիության, սեռավարակների տարածման: Եւ երբ կուրորտային սիրավեպը ավարտվում է հիմնականում օդանավակայանում, որոշ դեպքերում դա կարող է  բերել դեպրեսիայի»,- ասաց նա:

Բժիշկը խորհուրդ է տալիս կուրորտային սիրավեպերի ժամանակ պահպանակներ օգտագործել, սեռական հարաբերություններ չկատարել ջրի մեջ, պահպանել հիգիենայի կաննոները:

Նրա փոխանցմամբ, սեռավարակների` ջրով տարածվելու հավանականությունը քիչ է ջրային մեծ ավազաններում: