Ադրբեջանական կողմից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ անընդհատ կրակոցները բարդացնում են դաշտային աշխատանքները: Այս մասին հայտարարվել է հուլիսի 25-ին, Հայաստանի երեք սահմանամերձ գյուղերի ղեկավարների` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչի եւ Իրժի Աբերլեի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումից հետո:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտարկումը տեղի է ունեցել Տավուշի մարզի Այգեպար եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ:
Ներքի Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը ակտիվացրել է դիպուկահար կրակոցները խաղաղ բնակիչների վրա: «Ի՞նչ է մտածում միջազգային հանրությունն այս առնչությամբ:
Պատերազմից մենք չենք վախենում: Գյուղում գործում է դպրոց եւ մանկապարտեզ: Մենք խաղաղ բնակիչներ ենք, քրիստոնյաներ եւ պատերազմ չենք ուզում»,- ասել է նա ԵԱՀԿ ներկայացուցիչներին` հավելելով, որ գյուղի սահմանից հեռու է ընդամենը 300 մետր:
«Խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակոցները սպանություն են: Նույնիսկ օձը քնած մարդուն չի կծում»,-ասել է նա:
Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանի խոսքով, օր չի լինում, որ չկրակեն գյուղի վրա: «Ադրբեջանական կողմից մշտական կրակոցները լրջորեն բարդացնում են դաշտային աշխատանքները»,-ընդգծել է նա, հավելելով, որ 600 հա ցանքատարածքներից 470-ը գտնվում են սահմանին շատ մոտ:
Իր հերթին, Այգեպաի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է խաղաղ բնակիչների վրա ուղղված դիպուկահար կրակոցների հաճախակի դառնալու մասին: «Խանգարում են այգիների մշակմանը, երբեմն կրակն այնքան ինտենսիվ է լինում, որ անհնար է լինում գյուղում շարժվելը»,-ասել է գյուղապետն ու ընդգծել. «Մենք խաղաղություն ենք ուզում: Վստահ եմ, որ հասարակ ադրբեջանցիներն էլ են խաղաղություն ուզում: Ուրիշինը մեզ պետք չի, բայց սա մեր հողն է եւ մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ»:
Հիշեցնենք, որ միայն հունիս-հուլիս ամիսներին այս ուղղությամբ վիրավորվել է սահմանամերձ գյուղերի երկու բնակիչ: Հիմա երկուսն էլ ապաքինվում են:




























