Անտարկտիդայի արեւմտյան հատվածում սառույցների տակ անդնդախոր հսկայական հովիտ է տեղակայված: Այն գտել են բրիտանացի գիտնականները:
Փորձագետները կարծում են, որ 1.6 կմ խորությամբ եւ Ամերիկյան Գրանդ-Կանյոնի մեծությամբ ճեղքվածքը կարող է տարածաշրջանում սառույցների հալոցքի բարձր տեմպերով պայմանավորված լինել: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Խորխորատը տեղակայված է Ֆերինյո սառցաբեկորի տակ, որը ձգվում է 28 կմ:
NEWSru.com-ի հաղորդմամբ, գիտնականներն այն գտել են տեղորոշիչ սարքի օգնությամբ: Տվյալ տարածքը նախկինում միայն մեկ անգամ էր հետազոտվել`1961թ.:
Առաջնակարգ հետազոտող, Աբերդինի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Բինգեմը նշել է. «Կարեւորն այն է, որ ճեղքվածքը լիովին համընկնում է սառցային մակերեւույթի կրճատման ծավալի տվյալներին: Այդ տարածքում մենք սառցահալոցքը արբանյակների միջոցով դիտարկել ենք վերջին 20 տարիների ընթացքում»:
Գիտնականների եզրահանգումները փաստում են, որ սառույցով լցված հովիտը միանում է Անտարկտիդայի ափերը ողողող Հարավային օվկիանոսին:
Ընդ որում, հենց մայրցամաքի արեւմտյան հատվածում ներկայումս նկատվում է սառույցի ամենաարագ հալոցքը` համեմատած այլ շրջանների հետ: մասնավորապես, որոշ սառցաբեկորների հաստությունը տարվա ընթացքում կրճատվում է ավելի քան 1 մ-ով:
Ըստ գիտնականների` 2003-2010 թթ. սառցաբեկորների հալոցքի հետեւանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 1,5 մմ:




























