Ցանցային բովանդակության գրաքննությունը կարող է ինտերնետային տարածքը տարանջատել պետական սահմաններով: Այդ մասին, այսօր` հուլիսի 26-ին, լրագրողներին ասել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` մեկնաբանելով դեկտեմբերի 3-14-ին Դուբայում կայանալիք Էլեկտրակապի միջազգային միության (ITU) գագաթաժողովը:
Գագաթաժողովին, որին կմասնակցի նաեւ Հայաստանը, կքննարկվի երկրների ինտերնետ-կայքերի սահմանափակումների մասին հարցը: «Նման սահմանափակումները գործում են նաեւ Չինաստանում, իսկ 2012 թվականի աշնանինց այն պատրաստվում է կիրառել նաեւ Ռուսաստանը, այնտեղ պատրաստվում են մի օրինագիծ ընդունել, ըստ որի .ru գոտու կայքերը կարելի կլինի փակել առանց դատարանի որոշման:
Արեւմտյան երկրները, բնականաբար, դեմ են նման որոշման: Եւ գագաթաժողովին կքննարկվի հարցը, թե պատասխանատու է արդյոք օպերատորն այն տեղեկատվության համար, որը փոխանցում է: Եթե օպերատորը կարող է փոխել տեքստերը եւ պատկերները, իսկ նման տեխնոլոգիաներ արդեն այսօր մշակվում են, դա նշանակում է սահմանափակումներ արտասահմանյան կայքերը դիտելիս: Այդ դեպքում ինտերնետը մարդկանց միավորելու փոխարեն բաժանում է նրանց», – նշել է Գ. Սաղյանը:
Նշենք, որ ըստ միջազգային ինտերնետային տվյալների ռեսուրս Alexa.com-ի`Հայաստանում ամենից շատ հաճախելիություն ունեցող կայքերի առաջին տասնյակի 8-ն արտասահմանյան են: Առաջատար եռյակում են Facebook-ը, Youtube-ը եւ Google.com-ը, չորրորդը եւս Google է, սակայն արդեն .am գոտում: Ըստ Google-ի տվյալների` այս տարի Հայաստանից ամենաորոնվող բառերն են եղել` «բեռնել», «skachat», «games», «բեռնել անվճար»:




























