Հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ – Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական  ծառայության պետ, բրիգադի գեներալ  Ռոբ  վան  Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին  բրիգադի գեներալ  Ռոբ  վան  Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայությունների միջեւ փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների եւ գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները:

Արձանագրվել է, որ  արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջեւ` օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները: