Հայաստանի պաշտպանության նախարարությունում բացատրել են, թե ինչու է ադրեբեջանցի դիպուկահարի գնդակից վիրավորված Վաչե Մելքումյանն ստիպված եղել վճարել բուժման համար:
52-ամյա Վաչե Մելքումյանը հունիսի 1-ին ազդրի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Մելքումյանին հիվանդանոցում բնավ էլ պետպատվերով բուժում չեն հատկացրել: Նրանից կլորիկ գումար են պահանջել`200 հազ. դրամ:
Տեղեկությունը, թե հակառակորդի գնդակից վիրավորված խաղաղ բնակիչն ստիպված է եղել վճարել բուժման համար, հարցեր էր առաջացրել, ինչի կապակցությամբ NEWS.am-ը դիմեց Պաշտպանության նախարարությանը: ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Պետրոս Մանուկյանը հեռախոսազրույցում ասաց հետեւյալը. Վաչե Մելքումյանն իսկապես առաջին օգնության ցուցաբերման եւ բուժման համար վճարել է որոշակի գումար` 60 հազ. դրամ, բայց ոչ 200 հազար: 40 հազ. արժեցել է վնասված ոտքը ֆիքսող մետաղական կոնստրուկցիան, 20 հազ. էլ դեղորայքն է արժեցել: «Ցավոք, ռազմական հոսպիտալը քաղաքացիական անձանց վճարովի հիմունքներով է ծառայություններ մատուցում»:
Նշենք, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները մշտապես թշնամու համար թիրախ դառնալու վտանգի տակ են: Ամեն օր հակառակորդը գնդակոծում է գյուղական տներն ու փողոցները, մանկապարտեզներն ու դպրոցները: Միայն տարեսկզբից արդրբեջանցի դիպուկահարների կողմից սահմանամերձ գյուղի երեք բնակիչ է վիրավորվել:
Գյուղացիները հեռանալ չեն ցանկանում եւ չեն հեռանա, առավել եւս անհեթեթ է «հոսպիտալը զինվորականների համար է, իսկ եթե զինվորական չես` վճարիր» մոտեցումը:
Հրադադարի ռեժիմը շարունակվում է արդեն երկու տասնյակ տարի, եւ հակառակորդի կրակից զոհերի թվում նաեւ քաղաքացիական անձինք կան: Կարծում ենք, վաղուց ժամանակն է շտկել օրենսդրական բացը, եւ մարտական պայմաններում բնակվող սահմանամերձ շրջանների բնակիչներին հավասարեցնել զինծառայողներին` տրամադրելով բուժման, կենսաթոշակի եւ այլ արտոնություններ:




























