Երեւանի Կենտրոն  եւ  Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,  հուլիսի 27-ին ավարտվեց  մարդկանց շահագործելու հատկանիշներով՝ երիկամների առուծախի ձեւով, գործով դատաքննությունը: 

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, ըստ մեղադրանքի, Սերգեյ Հովսեփյանը  նախնական համաձայնություն է  ձեռք բերել արտերկրում բնակվող, գործով դեռեւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ, մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝  երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց  հավաքագրելու, նրանց  տեղափոխումը  կազմակերպելու եւ յուրաքանչյուր անձի դիմաց երկուհազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:  Ապա՝ ՀՀ-ում բժշկական կենտրոններ այցելելու եւ ինտերնետային կայքերում հայտարարություններ տեղադրելու միջոցով, մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելով, բժշկական հետազոտության եւ տեղափոխման ծախսերը հոգալու եւ երիկամի դիմաց տասհազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն տալու խոստումներով, հավաքագրել է Արեւհատ Մխիթարյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Աշոտ  Գազիլյանին, Սարգիս  Ֆեսչյանին, Գայանե  Ստեփանյանին եւ Արտաշես Մխիթարյանին ու ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով կազմակերպել է Արեւհատ Մխիթարյանի, Աշոտ Գազիլյանի, Սարգիս Ֆեսչյանի եւ Գայանե Ստեփանյանի տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն

Իր դատաքննական ցուցմունքում ամբաստանյալ Սերգեյ Հովսեփյանը հայտնեց, որ երիկամի դոնոր դառնալու իր ցանկության մասին ինքը հայտարարություն է գրել ռուսական ինտերնետային կայքում, ապա իր հետ կապվել էին եւ սակարկելուց  հետո 12 հազար դոլար գումարի դիմաց վաճառել է երիկամը՝  վիրահատությունը կատարվել է Շրի Լանկայում:  Սակայն երիկամային թրաֆիքինգի ցանցի մեջ են հայտնվել նաեւ այլ մարդիկ, որոնք ամբաստանյալի բնորոշմամբ,  «հասուն մարդիկ են, որոշել են վաճառել իրենց երիկամը, ես էլ օգնել եմ»: Այն հարցին, թե եթե այդ գործունեությունը օրինական էր, ինչո՞ւ էր ամբաստանյալը  դոնորներին ասում, որ իր բարեկամին է պետք երիկամի փոխպատվաստումը, Ս. Հովսեփյանը հայտարարեց, թե չէր ուզում, որ նրանք իմանային, որ ինքն էլ է վիրահատվել:      

Հարկ է նշել, որ Ս. Հովսեփյանի «ծառայություններից» օգտվել են ծայրահեղ կարիքի մեջ հայտնված  անձինք: Մասնավորապես, գործով տուժող  Աշոտ  Գազիլյանը իր խնդիրները լուծելու համար այլ ելք չէր տեսել, քան զոհաբերել սեփական օրգանը՝ երիկամը:  Առաջին անգամ  մեկնել էր Շրի Լանկա 2011թ. դեկտեմբերին, սակայն փոշմանել էր, վերադարձել, ապա  ամիսներ անց նորից էր մեկնել  եւ  այս անգամ վիրահատվել էր՝ 10 հազար դոլար վարձատրության  դիմաց:

Սա հաստատեց նաեւ   տուժողի ազգական, վկա  Գեւորգ Մարիանյանը, ինչպես նաեւ տուժողի կինը՝ Հերմինե Խաչատրյանը՝ իր նախաքննական ցուցմունքում.  վկան վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան: 

Դատարանում ավարտվեց  գործի  գրավոր ապացույցների՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների,  հեռախոսային զանգերի վերծանումների, գաղտնալսումների արձանագրություններ, հավաքագրված դոնոր տուժողների բժշկական փաստաթղթեր, բանկային փոխանցումներ եւ այլն, հետազոտումը: 

Հուլիսի 31-ի դատական նիստում դատարանում  կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրողի մեղադրական ճառով: