Միջազգային ուղեւորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ 2012թ. հունվար-հունիսին միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների եւ ժամանածների թվերի տարբերությունը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6,6 հազարով կամ 9,8 տոկոսով եւ կազմել -73,9 հազար: Առաջին կիսամյակում Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը եղել է 822 հազար 149, մեկնածներինը` 896 հազար 23:

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, հունվար-հունիս ամիսներին օդային տրանսպորտով երկրի սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռը ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4 տոկոս: Ավիատրանսպորտով ժամանածների ընդհանուր թիվը եղել է 361 հազար 240, մեկնածներինը` 418 հազար 51, սալդոն` -56 հազար 811:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում օրինաչափությունը պահպանվում է, եւ 2012թ. հունիսին եւս միջազգային ուղեւորահոսքերի ընդհանուր մնացորդը եղել է դրական: Այն կազմել է 4,3 հազար մարդ` նախորդ տարվա հունիսի 2 հազարի դիմաց:

Ժամանել է 185 հազար 674, մեկնել` 181 հազար 334 մարդ: Ընդ որում` ավիատրանսպորտով ժամանածների թիվը կազմել է 89 հազար 318, մեկնածներինը` 76 հազար 667, դրական սալդոն` 12 հազար 651:

Ի տարբերություն օդային տրանսպորտով ուղեւորափոխադրումների` հունիսին երկաթուղով եւ ավտոտրանսպորտով երկրի սահմանը հատածների սալդոն բացասական է: Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով ժամանել է 1557, մեկնել` 2160 մարդ: Սալդոն` -603: Ավտոտրանսպորտով ժամանել է 94 հազար 799, մեկնել` 102 հազար 507 մարդ: Սալդոն` -7 հազար 708: