Սիրիական Հալեպ քաղաքում մի քանի օրվա դաժան պայքարից հետո իրավիճակը մի փոքր կայունացել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ փողոցում փոքր բախումներ են տեղի ունենում, բայց ընդհանուր առմամբ վիճակը կայունացել է:
«Հալեպում մի քանի օր շարունակ դաժան մարտեր էին ընթանում կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության միջեւ: Սիրիայի բանակը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի ճնշի քաղաք ներխուժողներին: Նրանց դա հիմնականում հաջողվել է: Երկու կողմերն էլ կորուստներ են կրում, բայց գրոհայինները` անհամեմատ ավելի: Զինծառայողները հիմնականում զոհվում են ոչ թե բաց մարտերում, այլ դիվերսիաների, թակարդների արդյունքում», -ընդգծեց Ռեիսյանը` հավելելով, որ հուլիսի 29-30-ին Հալեպում համեմատաբար հանգիստ է:
Զրուցակիցը նշել է, որ ընդդիմության դեմ մարտերում կիրառվել է ծանր հրետանի, որի հետեւանքով քաղաքի հարավարեւելյան թաղամասերն ավերվել են: «Այնտեղ հայեր գրեթե չկան: Մարտերի ընթացքում հայ համայնքը ոչ մեկի կողմն էլ չի անցել, մեր դեմ էլ ոչ ոք նպատակաուղղված դուրս չի եկել», - հայտարարել է Ռեիսյանը, ընդգծելով, որ հուզումները հանգեցրել են հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների մահվան: Հիմնականում դրանք երիտասարդներ են, որոնք ծառայում են սիրիական բանակում:
Ինչ վերաբերում է հայկական թաղամասերին, ապա, ըստ մամլո բանբերի, լուրջ մարտեր տեղի չեն ունեցել, սակայն կրակոցներ լսվել են: «Հայերը չեզոքություն են պահպանել: Մենք ոչ ոքի կողմից չենք: Մենք մեր հայրենիքի`Սիրիայի խաղաղության կողմնակիցն ենք», - եզրափակել է Ռեիսյանը:




























