«Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ լարվածության պատճառը ընտրությունները վերահսկող միասնական շտաբի աշխատանքներին չմասնակցելու «Ժառանգության» որոշումն էր, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

«Այն ժամանակ «Ժառանգությունը» այդ շտաբի աշխատանքներին չմասնակցելու ցանկությունը բացատրել էր այն հանգամանքով, որ միասնական շտաբը պատրաստակամություն չի հայտնել վերահսկել անխտիր բոլոր կուսակցություններին:  Ծագեց լարվածություն, որն իր մասին հիշեցրեց «Հարսնաքարի» միջադեպի հանգամանքները հետաքննող հանձնաժողով ստեղծելու հայտնի նախաձեռնության ժամանակ», - ընդգծեց Սաֆարյանը:

Այն հարցին` հնարավոր է նման պայմաններում  «Ժառանգության» եւ  «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունը, նախկին պատգամավորը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է «Բարգավաճ Հայաստանի» հետագա դիրքորոշումից: 

Ստեփան Սաֆարյանը ընդգծեց «Բարգավաճ Հայաստանի» ինքնանույնականացումը` որպես  «կառուցողական այլընտրանք»: «Ոչ ոք այսօր «Բարգավաճ Հայաստանին» ընդդիմություն չի կարող համարել: Նրանք իրենց կառուցողական այլընտրանք են անվանում», - նշեց նա: Ըստ Սաֆարյանի` «Բարգավաճ Հայաստանին» բնորոշ է այլ տերմին` ոչ կոալիցիոն կուսակցություն: 

Սաֆարյանը նաեւ նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ հետո ԲՀԿ-ի հիմնական ուղղությունը եղել է կառավարության քննադատումը, ոչ թե  իշխանությանն ամբողջությամբ: 

Քաղաքական գործիչը նաեւ նշեց, որ ընդդիմադիր կուսակցությունների եւ ԲՀԿ-ի միջեւ կա գաղափարական մոտեցումների տարբերություն, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց միավորումը: