ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Սիրիայի դեմ կռվել երկրում առկա հակաօդային հզոր պաշտպանության համակարգի պատճառով: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել  Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը: 

Ըստ նրա` չնայած որ այսօր բոլորն սպասում են, թե  Սիրիայում երբ է սկսվելու ռազմական միջամտությունը, այն չի սկսվի, «եթե միայն Սիրիայի ներքին զինված ուժերը չքայքայվեն»: Նա նշել է, որ  «Սիրիան ունի շատ հզոր ՀՕՊ համակարգ, եւ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը պատրաստ չեն դրա դեմ կռվելուն»:

Հիշելով Լիբիայի գործողությունը` Խրամչիխինը նշել է, որ այդ գործողության ընթացքում ողջ Եվրոպան կարողացել էր տրամադրել միայն 100 օդանավ, իսկ օրինակ, Դանիայի ռազմաօդային ուժերը, որոնք տրամադրել էին 6 օդանավ, 3 ամսում սպառել էին ռազմաօդային ուժերի ամբողջ զինամթերքը: