Դամասկոսում եւ Հալեպում սիրիական ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ բախումներ չեն եղել: Այս մասին NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` երկու քաղաքներում էլ իրավիճակը հարաբերականորեն կայունացել է:
«Դամասկոսում հուլիսի 31-ին որոշակի առճակատում եղավ ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ, տեղի բնակչությանը ոչ ոք չի դիպչել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հալեպին, ապա Էլմաջյանի խոսքով, այնտեղ ժամանակ առ ժամանակ սիրիական բանակի եւ գրոհայինների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, բաց դա դժվար է բախում անվանել:
Ընդհանուր առմամբ, ըստ զրուցակցի, իրավիճակը Սիրիայում շարունակում է անկայուն մնալ: «Թուրքիայի սահմանամերձ շրջաններում կառավարական վերահսկողությունը թույլ է: Թուրքական սահմանից գրոհայինները մշտապես օգնություն են ստանում` թե զենքի, թե մարդասպանների տեսքով: Սիրիայի այսպես կոչված ընդդիմությունը չգիտես ինչու կազմված է լիբիացիներից, եգիպտացիներից, սեւամորթներից, սոմալեցիներից: Այնտեղ կան Ալ-Քաիդայի անդամներ, արմատական իսլամիստեր, ով ուզես, բայց ոչ նորմալ սիրիացիներ»,-ասել է Էլմաջյանը:
Զրուցակիցը վերջում կրկին նշեց, որ հայ համայնքը հարաբերական անվտանգության մեջ է, քրիստոնյաները եւս:
Նշենք, որ ԶԼՄ-ները հաղորդել էին Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում դաժան մարտերի մասին:



























