Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռքբերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը Երեւանում կտեղադրվի հաջորդ տարվա սկզբներին: Այդ մասին այսօր` օգոստոսի 2-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ կառավարությունը որոշեց 1.1 մլրդ դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին` համապատասխան շենքային պայմաններ ստեղծելու համար: Վարկը տրամադրվում է տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով ու ցիկլոտրոնով հանդերձ;

Ամենայն հավանականությամբ` ցիկլոտրոնը իզոտոպների արտադրությունը կսկսի 2014 թ.: Ստեղծվելու է ախտորոշիչ կենտրոն, ուռուցքաբանական կլինիկա, դեղերի արտադրություն: Հետագայում կամբողջացվի միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված ոռուցքների բուժման ամբողջական ցիկլը: