ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սիրիայի հարցով բանաձեւի քվարկության ժամանակ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտգործնախարարությունից:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Սիրիայի հարցով բանաձեւ է ընդունել, որը պաշտպանել են 133 երկիր։ Դեմ քվեարկել են 12, իսկ 31 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկության ընթացքում։ Նշենք, որ փետրվարից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ձեռնպահների թիվը 17-ից հասել էր 31-ի:
Ինչպես տեղեկացրել էր News.am-ը, բանաձեւի կազմման գործընթացը նախաձեռնել էր Սաուդյան Արաբիան, սակայն այն բազմաթիվ փոփոխություններ է կրել սկզբնական տարբերակի համեմատ։ Դրանից դուրս են բերվել Արաբական Լիգայի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցների եւ Բաշար Ասադի իշխանությունից հեռանալու մասին կոչերը։ Այնուամենայնիվ բանաձեւում գերակշռում է Սիրիայի իշխանություններին, այլ ոչ թե զինված ընդդիմությանն ուղղված քննադատությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձեւերից, բացառապես խորհրդատվական եւ դեկլարատիվ բնույթ ունեն։ Այս բանաձեւով կոչ է արվում նաեւ «կենտրոնանալ ժողովրդավարական քաղաքացիական պետության խաղաղ ճանապարհով անցման վրա»։




























