Իրանի իշխանությունները որոշում են կայացրել անջատել բոլոր պետական գերատեսչությունները համացանցից, որպեսզի պաշտպանեն դրանք կիբերհարձակումներից, օրինակ այնպիսիներից, որոնցում կիրառվել էին Stuxnet եւ Flame վիրուսները: Անջատումը նախատեսված է սեպտեմբերին:
Իրանի տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թագիպուրան պնդում է, որ հետախուզական տվյալները խոցելի են համաշխարհային ցանցում: Համացանցը նախարարին վստահություն չի ներշնչում, քանի որ վերահսկվում է Իրանի նկատմամբ թշնամական տրամադրված մեկ կամ երկու երկրի կողմից:
Նախարարը մտադիր է ստեղծել ներքին ազգային ցանց, որը կփոխարինի համացանցին: Այդ նախագիծը պետք է ավարտվի առաջիկա կես տարում, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Stuxnet եւ Flame վիրուսները, որ վերջին մի քանի տարիների ընթացքում վարակել էին Իրանի համակարգիչների մեծ մասը, համարվում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի ծրագրավորողների համատեղ արտադրանքը:




























