2012թ. հունվար-հունիսին`2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կենդանի ծնունդների թվաքանակը նվազել է 4.1%-ով: 2012 թ.ծնվածների թիվը կազմել է 19 հազար 183 , մեռելածիներինը`410, իսկ 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծնվածներ` 19 հազար 995, մեռելածիններ` 447: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Իսկ մեռելածնություններին իրենց հերթին նպաստում են սեռավարակները, քանի որ կանայք շատ հաճախ հղիանալուց առաջ եւ հետո բժշկական ստուգման չեն ենթարկվում: Օրինակ, ՄԻԱՎ-ի նկատմամբ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հետազոտվել են 60 հազար 330 կին եւ 19 հազար 429 տղամարդ: Արդյունքում կանանցից 67-ն են ՄԻԱՎ վարակակիրներ եղել, իսկ տղամարդկանցից` 115-ը: Ավելին `հետազոտվածներից 43 հազար 330-ը եղել են հղիներ, որոնցից պարզվել է 14-ը վարակակիրներ են: Իսկ ՁԻԱՀ-ով 87 հիվանդ է արձանագրված եղել:
NEWS.am-ը զրուցեց Հայաստանի գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ հասկանալու համար, եթե կանայք հղիանալուց առաջ եւ հետո բժշկական ստուգման չեն ենթարկվում, դա իր մեջ ինչ ռիսկեր է պարունակում: Նրա խոսքով, որպեսզի հղիությունը նորմալ ընթանա, անհրաժեշտ է մինչեւ հղիանալը եւ ծննդաբերությունը կինը գտնվի կանանց բժշկի հսկողության ներքո եւ կանխարգելիչ հետազոտման անցնի, որպեսզի չունենա պատահական սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն կամ այլ հիվանդություններ:
«Եթե առկա են նման հիվանդություններ կինը պետք է ապաքինվի նոր հղիանա: Իսկ ինչ վերաբերում է հղիության ընթացքին, ապա այդ ընթացքում էլ լինում են հղիության շեղումներ եւ կնոջ եւ պտղի մոտ, ուստի ցանկալի է որպեսզի անպայման, հղիության ընթացքում սկսած 12 շաբաթականից գտնվի հսկողության տակ»,- ավելացրեց Ռազմիկ Աբրահամյանը: Վերջինիցս հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ռիսկեր իր մեջ կպարունակի այն հանգամանքը, եթե, օրինակ մարմնավաճառությամբ զբաղվող կինը, ով սեռավարակներ կրելու ամենամեծ ռիսկային խմբում է, որոշի առանց ստուգման ենթարկվելու հղիանալ, ինչին ի պատասխան արձագանքեց.«Դե բնական է սեռավարակները ունեն իրենց բացասական ազդեցությունը : Ինչը հաճախ առաջ է բերում վիժումների կամ վաղաժամ ծննդաբերությունների, ուստի հետազոտումը պարտադիր է: Բոլոր տեսակի ինֆեկցիաները իրենց հերթին նպաստում են վաղաժամ ծննդաբերությանը կամ վիժման, որն էլ բերում է մեռելածնության տոկոսի աճին»,- նշեց Հայաստանի գլխավոր գինեկոլոգը եւ եւս մեկ անգամ բարդություններից խուսափելու համար խորհուրդ տվեց, որ կանայք, թե հղիանալուց առաջ, թե հետո գտնվեն բժիշկների հսկողության ներքո:




























