Հայաստանի կառավարությունն այսօր` օգոստոսի 9-ին կայացած նիստում սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01։00-ն` ՀՀ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին` նաեւ քաղաքացիների կողմից։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործադիրը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, հնարավորություն է տալիս տնտեսական շրջանառության մեջ դնել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման եւ օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ գործառույթներն իրականացնել միասնական մոտեցմամբ, ապահովել գործընթացի առավելագույն հրապարակայնությունը։




























