Իրանում երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը կարող է հասնել 300-ի, ներկայումս ճանաչվել է նրանցից 142-ը, տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Նահանգային դատաբժշկական վարչության ղեկավար Բահրամ Սամադիրադի խոսքով` զոհերի ճանաչումը դժավարանում է շոգ եղանակի եւ մարմինները բժշկական հաստատություններ փոխադրելու պատճառով, քանի որ բնակավայրերի մեջեւ հեռավորությունը մեծ է:
Ավելի վաղ հաղորդվել էր 250 զոհի եւ 1,8 հազ. տուժածների մաիսն: Սակայն Իրանի ՆԳՆ-ն հայտնում է 227 զոհի եւ 1400 տուժածի մասն:
Արտակարգ իրավիճակի վայր է ժամանել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Մարզիե Դասջերդին, ով ՆԳ նախարար Մոհամեդ Նաջարի եւ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գնահատել է ավերածությունների աստիճանն ու օգնության ծավալները, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրի հարավում մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից: Հայաստանում տուժածներ եւ ավերածություններ չկան:












Լուսանկարները՝ ԻՌՆԱ




























