«WikiLeaks» կայքը հաքերային գրոհի է ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը:  DDoS-գրոհները սկսվել են օգոստոսի սկզբից եւ վերջին օրերին ավելի ուժեղացել` տարածվելով նաեւ ռեսուրսի հետ կապված կայքերի վրա: Ներկայումս «WikiLeaks»-ը հասանելի չէ:

«WikiLeaks»-ի Twetter-ի միկրոբլոգում նշվում է, որ միաժամանակ կայքին ուղղված հարցումների թիվն այնպիսին է, որ տեղեկատվության հոսքը հասել է վայրկյանում  10 գիգաբիթ արագության: Նշվում է, որ գրոհն ավելի բարդ ձեւով է կազմակերպված, քան սովորաբար նմանտիպ գրոհներն են լինում, իսկ IP-հասցեների թիվը, որից ուղվում են հարցումները, հասնում է  հազարների:

Ինչպես հաղորդում է « The Register»-ը, գրոհի պատասխանատվությունն ստանձնել է իրեն «AntiLeaks» անվանող հաքերային խմբավորումը: Դրանց մասնակիցներն իրենց անվանում են «Երիտասարդ ամերիկացիներ», որոնց անհանգստացնում է «WikiLeaks»-ի հիմնադիր  Ջուլիան Ասանժի շուրջ իրադարձությունների զարգացումը:

«Ասանժը ղեկավարում է նոր սերնդի ահաբեկիչներին: Մենք սա անում ենք որպես բողոք` ընդդեմ արդարադատությունից թաքնվելու նրա մտադրության: Եթե դա նրան հաջողվի, դա օրինակ կլինի մյուսների համար»,-հայտարարել է «AntiLeaks»-ը:

Ասանժը, որին Շվեդիան մեղադրում է բռնաբարության, իսկ ԱՄՆ-ը` լրտեսության մեջ, վերջին երկու ամսում գտնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատը` խուսափելով իրեն սպառանացող էքստրադիցիայից ԱՄՆ: