Սիրիայ հայ համայնքն այս պահին ապահով վիճակում է, եւ հայերի մեծ մասը չի ցանկանում հեռանալ երկրից: Այդ մասին այսօր` օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ Երեւանում ասաց Սիրիայի հայկական քոլեջի տնօրեն Մարալ Էլեյջան- Մանջիկյանը:
Նա հավաստիացրեց, որ այս պահին Սիրիայի հայ համայնքնին ոչինչ չի սպառնում, երկու կողմերից որեւէ մեկը հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք չի ցուցաբերում: Սիրիայում զարգացող հակամարտությունը հիմնականում անդրադառնում է հայերի ֆինանսական բարեկեցության վրա, քանի որ լիարժեք աշխատելու հնարավություն չկա:
Տնօրենը նշեց, որ հայերին չեն կարող չհուզել երկրի առջեւ ծառացած խնդիրները, սակայն ընդմիշտ այն լքելու ցանկություն չկա: Հիմնականում գաղթի ճանապարհ են բռնում երիտասարդ ընտանիքները, ովքեր չունեն սեփական կայացած բիզնեսը, սակայն դրանք եզակի են: «Օրինակ, մեր դպրոցի 550 սաներից միայն 25 են տեղափոխվել այլ երկրների դպրոցներ, նրանցից 15-ը` Երեւան, 10-ը` Լիբանան, ԱՄՆ եւ այլուր»,- ասաց նա:
Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Չինբաշյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել հայ երեխաների անվտանգությունն ապահովելու համար, եթե Սիրիայում վիճակը վատթարանա, նշեց, որ այդդեպքում նպատակահարմար կլինի նրանց ուսուցումը կազմակերպել ոչ թե Հայաստանում, այլ` Լիբանանում, ինչը պայմանավորված է լեզվի տարբերությամբ եւ կրթական ծրագրով:
«Սիրիայի դպրոցներում հենքային առարկաները դասավանդվում են արաբերեն, իսկ հայերեն լեզվով դասավանդվում է Հայաստանի պատմությունը, լեզուն եւ գրականութունը: Բացի այդ, առարկաները դասավանդվում են արեւմտահայերենով, եւ այդ պատճառով դա կդառնա լրացուցիչ խնդիր երեխաների համար»,- ասաց նա:




























