Սիրիայում լարված իրավիճակի հետ կապված այս տարվա 7 ամիսների ընթացքում ապաստան եւ փախստականի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի իշխանություններին սիրիահայ 26 ընտանիք է դիմել: Այդ մասին NEWS.am-ին ասաց Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը` նշելով, որ տվյալ դեպքում խոսքը 45 փախստականի մասին է:
Նա նշեց, որ ամենաշատ հայտերը ծառայությունն ստացել է վերջին երկու ամսվա ընթացքում, հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչներից. «Տվյալ պահին 12 ընտանիքի`ընդհանուր առմամբ 32 անձի, տրամադրվել է ապաստան եւ փախստականի կարգավիճակ»:
Գ. Եգանյանի խոսքով` նրանց դիմումներն արագացված ընթացակարգով են քննվում (օրենքով սահմանված 30 օրվա փոխարեն պատասխանը տրվում է 10 օրվա ընթացքւմ): Հայտ ներկայացնողներին տեղավորում են 41 անձի համար նախատեսված հատուկ կացարանում: Միգրացիոնբ ծառայությունը շենք ունի նաեւ Դարբնիկ համայնքում` 12-13 սենյակով: Եգանյանի խոսքով` տվյալ պահին ծառայությունն ի վիճակի է տանիք տալ փախստականներին, եթե հնարավորությունները սպառվեն` կդիմեն այլ մարմինների օգնությանը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սիրիայում բնակվում է 60 - 70 հազ. հայ, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվի մոտ 0,5%-ը:




























