Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի ու արտաքին գործերի նախարարությունները` «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» հետ պետք է մինչեւ սեպտեմբերի կեսերը քննարկեն

Sukhoi Superjet-100 (SSJ-100) –ի հարցը, որից հրաժարվել էր Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը: Այդ մասին ասվում է օգոստոսի 7-ին Նովոսիբիրսկում կայացած խորհրդակցության արձանագրության մեջ:

Հանձնարարականի վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ «Արմավիան» հրաժարվում է Su-100 Superjet երկրորդ ինքնաթիռը գնելուց: Ընկերությունը նաեւ հրաժարվել է վերանորոգումից ետ վերցնել առաջին ինքնաթիռը:

Նշենք, որ երկու Su-100 Superjet մակնիշի ինքնաթիռների համար «Արմավիան» 2007թ. VTB բանկից 55-60 մլն դոլարի վարկ էր վերցրել:

Առաջին «Սուպերջեթն» «Արմավիան» ստացել էր 2011թ. ապրիլին, 2011թ. ընթացքում ինքնաթիռը 1800 ժամ թռիչք էր կատարել, ներկայումս ինքնաթիռը գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ում` վերանորոգման համար: