Իրանում՝ օգոստոսի 11-ին տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը վնասներ է հասցրել նաեւ Հայաստանի տարածքում։ Հանրապետության Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում գրանցվել են  4.5 բալ ուժգնությամբ ցնցումներ,  իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ։

Այս կապակցությամբ՝ Սյունիքի մարզպետարանը ստեղծել է մասնագիտական հանձնաժողով, որը պետք է ծանոթանա երկրաշարժի հասցրած վնասներին:

Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք մինչեւ օրս երկրաշարժից ստացված վնասների վերաբերյալ քաղաքացիներից ստացել են 15 դիմում: Ստացված դիմումների  համաձայն մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկու աշխատակից, քաղաքապետարանի աշխատակիցների եւ ստեղծված հանձնաժողովի աշխատակիցների հետ միասին շրջել են նշված հասցեներով ճշտելու վնասների չափը, բնույթը: «Բազմաբնակարան շենքերում կոնստրուկցիոն շեղումներ չեն արձանագրվել: Իսկ փոքրիկ ծախս պահանջող կոսմետիկ ճաքեր եղել են: Ինչը ենթադրում է, որ ներկա պահին նախահաշվի կարիք չի զգացվում: Մեղրիում առավել շատ տուժել է երկհարկանի մի ամառանոց, որը վնասել է երկրաշարժի հետեւանքով սարից պոկված ժայռաբեկորը»,- նշեց  Սերգեյ Հայրապետյանը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ արդյունքները կամփոփվեն այն ժամանակ, երբ ցնցումները դադարեն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը 9 բալ ուժգնություն է ունեցել: Օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել էր 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Զոհվել էր 306 մարդ, մոտ 3 հազարը վիրավորվել էին: