Ինչպես երեւում է, Իսրայելը մինչեւ նոյեմբեր ոչ մի ագրեսիվ գործողություն չի իրականացնի Իրանի հանդեպ: Այս մասին հայտնել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն նախագահական ընտություններ:
Շ. Պերեսը նաեւ դեմ է արտահայտվել Իրանին միակողմանի հարված հասցնելու որոշմանը, ավելացնելով, որ վստահում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այն խոստմանը, ըստ որի, նա թույլ չի տա, որպեսզի Թեհրանում միջուկային զենք հայտնվի:
«Ես վստահ եմ, որ սա ԱՄՆ-ի շահերից է բխում…պարզ է, որ այժմ մենք չենք կարող միայնակ գործել: Բայց մենք կարող ենք դանդաղեցնել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը: Մենք պետք է այս հարցը որոշենք ԱՄՆ-ի հետ միասին: Մենք խնդիրներ ունենք մեր քաղաքականության կողմնորոշման հետ կապված, թեեւ վտանգը լուրջ է, սակայն այս անգամ մենք միայնակ չենք»,-ասել է Շ. Պերեսը, փոխանցում է ՌԲԿ`վկայակոչելով Reuters-ին:
Միեւնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Նետանյահուի մոտ կանգնած անանուն աղբյուրի փոխանցմամբ, վերջինս քննադատել է Շ. Պերեսի հայտարարությունը: Նա հիշեցրել է երկրի անվտանգության հարցում Պերեսի սխալները, մասնավորապես, երբ 1981 թ. նա դեմ էր հանդես եկել իրաքյան միջուկային օբեկտների ռմբակոծման որոշմանը, սակայն վարչապետ Մենահեմ Բեգինը նրան չէր ենթարկվել:
2012 թ. սկզբին Բ. Նետանյահուն բազմիցս սպառնացել է ավիահարձակում իրականացնել իրանական միջուկային օբեկտների վրա, եթե Իրանը չդադարեցնի ուրանի հարստացումը:




























