Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ:
Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի օրը Հարավային Կորդոֆան նահանգի Տալոդի քաղաքի շրջակա լեռներում: Սուդանական մասնավոր «Ալֆա-1» ավիաընկերությանը պատկանող ԱՆ-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել օգոստոսի 19-ին` Տալոդիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: «Սուդանում Ռուսաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմի անդամների մեջ եղել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով «ավիավթարի զոհ են դարձել 31 մարդ, այդ թվում մի շարք սուդանցի նախարարներ, քաղաքական եւ զինվորական շրջանակների ներկայացուցիչներ»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի մեջ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներ են եղել: Ինքնաթիռի բոլոր ուղեւորները` 31 մարդ, այդ թվում անձնակազմի անդամները` ազգությամբ ռուս կապիտանի գլխավորությամբ, բոլորը զոհվել են:
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատել Հայաստանի քաղաքացու մահվան լուրը:




























