Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքն ու «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը աշխատում են երկրում ապրող ազգային փոքրամասնություններին իրենց կողմը գրավելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն։ «Վրաստանում ազգային փոքրամասնությունները իրական ուժ են, եւ բնականաբար, մրցակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է նրանց շրջանում էլեկտորատ գտնել։ Հենց դրանով է բացատրվում «Վրացական երազանքի» եւ «Ջավախք» հայկական կազմակերպության համագործակցությունը եւ կազմակերպության ղեկավարի թեկնածությունը մեծամասնական կարգով առաջադրելը»,- ասաց Ցինցաձեն, որպես էքստրավագանտ, գնահատելով կուսակցության առաջնորդ Դիձինա Իվանիշվիլիի այս որոշումը։

Քաղաքագետի խոսքով՝ ազգային փոքրամասնություններին հիմնականում հուզում են նույն հարցերը, ինչի լուծման մասին մտածում են մեծամասնություն կազմող վրացիները։

Ըստ Ցինցաձեի՝ քաղաքական կուսակցությունները քաջ գիտակցում են դա, եւ տալիս շատ գրավիչ խոստումներ, սակայն դրանց իրականացումը գործնականում դժվար է լինելու։ 

Փորձագետը նշեց, որ այս խորհրդարանական ընտրություններում թեժ պայքար է սպասվում, քանի որ երկրում ճգնաժամ է, եւ ընդդիմությունը բավականին լավ մրցակցային դիրքեր ունի։

Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալակի մեծամասնական թեկնածուն «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Նորիկ Կարապետյանն է։