Բանակից զորացրվելուց հետո սուր լեյկոզ հիվանդությամբ տառապող Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանը երեկ ուշ գիշերը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ցամաքասարի գյուղապետ  Գոռ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ երեկոյան Թաթուլին արյուն են ներարկել, սակայն երիտասարդի օրգանիզմն այն չի ընդունել, ռեակցիա է տվել եւ մահացել է: Նրա խոսքով` տղայի փրկության համար բացված հաշվեհամարին համապատասխան գումարն արդեն հավաքվել էր ու պետք է արտերկիր մեկնեին, բայց չհասցրեցին:

Գյուղապետի խոսքով` Երեւանից արդեն դիակը բերել են գյուղ, վաղը կլինի 20-ամյա երիտասարդի թաղումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանի մոտ բանակից զորացրվելուց անմիջապես հետո հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, իսկ համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ: Այդ նպատակով կազմակերպվել էր դրամահավաք: