Ընդդիմադիր «Հայ Ազգային Կոնգրեսի» ներսում բարդ իրավիճակ է տիրում: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Քաղաքական գործիչը նկատել է, որ Կոնգրեսի ներկայիս առաջնահերթ խնդիրը` ինքնափլուզումից խուսափելն է: ՀԱԿ-ի ներսում իրավիճակը, նրա խոսքով, իսկապես լուրջ է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի իր ելույթը նվիրել է շարքերը լքողներին:
Ս. Սաֆարյանը խոստովանել է, որ, իհարկե, շատ դժվար է 5 տարի շարունակ մնալ քաղաքական օրակարգում եւ եղանակ ստեղծել, ինչպես նաեւ որպես առաջնորդ ունենալ նախագահի թեկնածուի, ով նախկինում մի քանի անգամ անհաջողության է մատնվել: «Ժառանգության» ներկայացուցիչը պարզաբանել է, որ նկատի ունի առաջին նախագահի դիվանագիտության անհաջողությունը:
«Կարծում եմ Կոնգրեսում գիտակցում են, որ որքան էլ նրանք ցանկանան, նախագահի թեկնածության առաջադրվելով` Տեր-Պետրոսյանն այլեւս այն Տեր-Պետրոսյանը չի լինի, որը կար 2008 թ.-ին եւ նման աջակցություն, ինչպին, որ կար 2008 թ.-ն, չի լինի»,-ամփոփել է նա:




























