Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ հանդիսանում են հենց Թուրքիան եւ Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Բիշկեկում արած հայտարարությունը:
Նշենք, որ նախօրեին Բիշկեկում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Դավութօղլուն քննադատել էր Հայաստանին եւ նշել, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի «օկուպացիային» պետք է վերջ դրվի, քանի որ այն մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի զարգացման համար:
«Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար առաջնորդվում են գեբելսյան քարոզչության սկզբունքով, այն է` եթե ասես բավական մեծ սուտ եւ այն կրկնես, մարդիկ արդյունքում կհավատան դրան»,- պատասխանել է Շարմազանովն ու հավելել. «Ի գիտություն թուրք դիվանագետի` նշեմ, որ Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ հանդիսանում են հենց Թուրքիան եւ Ադրբեջանը: Առաջինը շուրջ երկու տասնամյակ շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն եւ մերժում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ երկրորդն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ խաղաղ բանակցություններին միտված ջանքերը` շարունակելով օկուպացրած պահել ԼՂՀ որոշ տարածքներ»:
Ըստ ԱԺ փոխնախագահի, եթե «թուրք պաշտոնյան իսկապես այդքան մտահոգ է Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտմամբ, ապա արդարացի կլինի` կոչ անի, որ իր երկիրը կատարի իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, դադարեցնի փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը եւ չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին»:


























