Օգոստոսի 26-ին Իրանի մայրաքաղաքում մեկնարկել է Չմիավորման շարժման XVI-րդ գագաթնաժողովը: 6 օրերի ընթացքում Թեհրանում կդիմավորեն մասնակից երկրների ներկայացուցիչներին, որոնց միավորում է ռազմական բլոկներին չմասնակցելու նախապայմանները:
Աշխատանքի առաջին օրը սկսվել է փորձագետների մակարդակի խորհրդակցություններով: Երկրների եւ կառավարությունների նախագահների հանդիպումը, իսկ Իրանում սպասվում է ավելի քան 50 նախագահների, թագավորների եւ վարչապետների այցելություն, նախատեսվել է իրականացնել ավելի ուշ ժամանակամիջոցում: Հիշեցնենք, որ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը Չմիավորման շարժման կազմում դիտորդ-անդամ է:
Գագաթնաժողովի հիմնական թեման կլինի իրանական միջուկային ծրագիրը, մարդու իրավունքների պահպանման խնդիրները եւ Սիրիական հակամարտությունը: Թեհրանը նպատակ ունի ներկայացնել Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ընդհանուր ծրագիր, հայտնում է Iran.ru-ն:
Գագաթնաժողովի բացման խոսքում, Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ արեւմուտքի երկրները այլ երկրների նկատմամաբ իրականացնում են վախեցնելու քաղաքականություն:
Թեհրանը, նախարարի խոսքով, կտրականապես դեմ է պետական գործերին դրսի ցանկացած միջամտությանը եւ որ ներքին խնդիրները պետք է լուծվեն ազգային երկխոսությունների ճանապարհով:
Գագաթնաժողովին հրավիրվել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Չնայած այն հանգամանքին, որ արաբական միապետները պաշտոնապես մտնում են Չմիավորման շարժման կազմի մեջ, գագաթնաժողովին նրանց մասնակցությունը չի սպասվում, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ իրենց կապերի եւ Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականության պատճառով:



























