Օգոստոսի 24-ին ավարտվել է Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը:
ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Գեղարքունիքի 92 համայնքներից 64-ում: Այդ թվում 5 քաղաքային համայնքներում` Գավառում, Ճամբարակում, Մարտունիում, Սեւանում, Վարդենիսում նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Գավառում ինքնաառաջադրվել են քաղաքապետի 6 թեկնածուներ` անկուսակցականներ, գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանը, քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Մկրտիչ Զոլյանը, «Վլադ-Արմեն» ՍՊԸ տնօրեն Դիմիտրի Իսպիրյանը, ՀՅԴ անդամ Տիգրան Հակոբյանը եւ ՀՀԿ անդամ Գրիշա Հովեյանը:
Ճամբարակում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել են գործող քաղաքապետ, հանրապետական Յուրիկ Ավալյանը եւ ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ Սուրեն Հովհաննիսյանը:
Մարտունիում առաջադրվել է քաղաքապետի չորս թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Բագրատ Հարությունյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից` ՀԿԿ անդամ, քաղաքապետի տեղակալ Ռադիկ Հարությունյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցական Թաթուլ Ավետիսյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Բաղդասարյանը:
Սեւանում առաջադրվել են քաղաքապետի 10 թեկնածուներ: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը, ինքնաառաջադրվել են ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, Ալեքսան Պողոսյանը եւ Աշոտ Ալեքսանյանը, անկուսակցականներ Արա Սմբատյանը, Ռաֆիկ Սմբատյանը, Նուշերվան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարդգես Քոչարյանը, Վիգեն Քոչարյանը:
Վարդենիսում առաջադրված են 5 թեկնածուներ` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Վալոդյա Խլոյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ Աշոտ Մարտիրոսյանը, ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Վիկտոր Մկրտչյանը, ՀՅԴ անդամ Կամո Պետրոսյանը եւ անկուսակցական Ադիբեկ Մելիքյանը:
Նշենք, որ համայնքի ղեկավարը եւ ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:




























