Ի տարբերություն Հայաստանի եւ Ղազախստանի դիվանագիտական հարաբերությունների, առեւտրատնտեսական  կապերը կարող էին ավելի լավը լինել: Այդ մասին հայ-ղազախական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված օգոստոսի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովը (ֆոտոռեպորտաժ):

Ըստ նրա` առեւտրատնտեսական  հարաբերությունները չեն համապատասխանում երկու երկրների քաղաքական բարձր փոխհարաբերություններին: Դեսպանը հայտնել է, որ Հայաստանում գործում են ղազախստանյան կապիտալի մասնակցությամբ 23 ձեռնարկություններ, Ղազախստանոմ` հայկական կապիտալով 60 ձեռնարկություններ: «Ղազախստանից Հայաստան է ներկրվում հացահատիկ, մետաղ, իսկ Ղազախստան Հայաստանն արտահանում է ալկոհոլային խմիչքներ, հիմնականում կոնյակ, ինչպես նաեւ քարի վերամշակման  դազգահներ», - նշել է դիվանագետը:

Պատասխանելով  ապրանքաշրջանառության ծավալների մասին NEWS.am-ի հարցին` դեսպանն ընդգծել է, որ վերջին տարիներին ցուցանիշները նվազել են: «Եթե 2010 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 11 միլիոն դոլար էր, ապա 2011 թվականին` 9 միլիոն դոլար, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակում` 3 միլիոն դոլար: Նվազ ցուցանիշի պատճառը երկրների միջեւ ուղղակի սահմանների բացակայությունն է»:

Բոզժիգիթովը հայտնել է, որ երկու երկրների կառավարությունները մշակում են տեղեկատվական տեխնալոգիաների ոլորտում համագործակցության ծրագրեր: Ըստ դեսպանի` արդեն  մշակվել են մի շարք ծրագրեր այդ ոլորտում համագործակցության համար: