Իրենց կառուցողական այլընտրանք հռչակած քաղաքական ուժը ավելի կառուցողական պետք է լինի եւ իրեն ավելի կառուցողական դրսեւորի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով օրերս ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը:

«ՀՀԿ-ն մայիսյան ընտրություններին ստացել է մեծամասնության վստահության քվեն, եւ եւ ՀՀԿ-ն է որոշում` ով ինչպիսի ծրագրերով եւ ինչպիսի քաղաքական թիմով իրականացնի բարեփոխումներ: ՀՀԿ-ն վճռական է իրականացնելու բարեփոխումներ եւ ՀՀԿ-ն է որոշում,թե իր կադրային ռեզերվից կամ թիմից ով է իրականացնելու բարեփոխումներ գործադիրում եւ օրենսդիրում»,- նշեց մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Տիգրան Ուրիխանյանի մտավախությանը եւ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի չի սատարի հայտարարությանը, ապա Էդուարդ Շարմազանավոը նշեց, որ ՀՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվում ՏԻՄ ընտրությանը, եւ իր համոզմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ՀՀԿ-ն պետք է վայելի տեղական ինքնակառավարման մարմնի  ընտրություններում հասարակության մեծամասնության վստահության քվեն: «Իսկ ինչ վերաբերում է` ով ում կսատարի, չի սատարի, ընդամենը մեկ բան ասեմ` երբեք մի ասա երբեք»,- նշեց նա:

Նրա փոխանցմամբ` մայիսյան ընտրությունները պատմության մեջ մնացել են որպես լավագույն ընտրություններից, ինչը փաստել են նաեւ միջազգային դիտորդները: Դրանից հետո Էդուարդ Շարմազանովի խոսքով` հաջորդ հաջողությունը պետք է լինի ՏԻՄ ընտրությունները, ապա` նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակը: «ՀՀԿ-ն ապացուցել է, որ  սկսած 1999թ, ամենակենսունակ, պետականամետ եւ ազդեցիկ քաղաքական ուժն է, որը կարող է իրականացնել տնտեսական, քաղաքական, ժողովրդական բարեփոխումներ»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե Կառավարության ղեկավարի եւ ծրագրի գործունեության վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել, իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը: