Անգլիական Էսեքս կոմսությունում առյուծի անհաջող փնտրտուքներից հետո ոստիկանները որոշել են դադարեցնել որսը, համոզվելով, որ ոչ մի առյուծ էլ Էսեքսում չկա, այլ բնակիչները առյուծի տեղ են դրել մեծ կատվին, իսկ աղոտ լուսանկարները կասկածելի ապացույցներ են:
Հիշեցնենք, որ կոմսությունում շրջող առյուծի մասին հայտնել էին տեղի բնակիչները եւ որպես օրինակ բերել էին լուսանկարներ` կենդանու վատ երեւացող ուրվագծով, որն առյուծ էր հիշեցնում:
Էսեքսում ծավալվել էր լայնածավալ հատուկ գործողություն, որին մասնակցում էին ոստիկանության 30 սպա, դիպուկահարներ եւ 2 ուղղաթիռներ:
«Միլիոն տոկոսով դա իսկական առյուծ էր», – ասում է բնակիչներից մեկը: Տեղացի բարմենը հայտարարել է, որ առյուծին տեսել է ճանապարհի մոտ, եւ նման վկայությունները տասնյակ են, գրում է Daily Mail-ը:
«Որոնումներ իրականացվել են ամբողջ տարածքով: Ոչ մի հիմք չկա կարծելու, որ այստեղ առյուծ կա: Կարծում ենք, որ որեւէ մեկը մեծ կատու է տեսել, եւ շնորհակալություն ենք հայտնում բնակիչներին համբերության եւ աջակցության համար», – ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Քանի դեռ որոնումներ էին ընթանում, ուրվական առյուծը դարձել է հայտնի միկրոբլոգեր: Twitter-ում 3 հասցե է հայտնվել` @EssexLion, @Essex_Lion եւ @TheEssexLion, որոնք նրա անունից են բացվել:


























