Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 30-ին, տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով հերթական դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Դատարանը ավարտել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ նախկին ռեկտորին տրված առաջին նկատողության հետ կապված հարցերը, եւ Սուրեն Զոլյանի խոսքով, նախարարության ներկայացուցիչները որեւէ փաստարկ չեն կարողացել բերել: Օգոստոսի 30-ին սկսվելու է երկրորդ նկատողության հետ կաված հարցերը եւ  նրա ազատման հիմքը: «Արմեն Աշոտյանի եւ նախարարության աշխատակիցները պետք է բացատարություններ տան, թե ինչի հիման վրա է իրականացվել ստուգումներ համալսարանում եւ ինչ խախտումներ են հայտնաբերվել: Վաղը կհամոզվենք պարոն Աշոտյանը պետական այր է, թե սովորական խաբեբա, որն իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու»,- նշեց նա:

Այս հարցով վերջին դատական նիստը կայացել է հուլիսի 18-ին, եւ քանի որ Լեզվաբանական համալսարանը չի ներկայացրել իր՝ արտասահման գնալու հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի՝ դատավորը նիստը հետաձգել է:

Սուրեն Զոլյանը գոհ է դատաքննության ընթացքից, ասում է, թե ընթանում է պրոֆեսիոնալ դատաքննություն, եւ ինքը հույս ունի եւ հավատացած է, որ կհաղթի:

Իսկ Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել էր Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդունել, որում նա  խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը:Այս գործը այժմ Վճռաբեկ դատարանում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր էր ընտրվել Գայանե Գասպարյանը: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի