Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`պահանջելով պատժել «GeoProMining Gold» ՍՊԸ-ին, Սոթքի ոսկու հանքում ջարդիչ- տեսակավորման տեղամաս կառուցելու մտադրությունների համար:

Ըստ նամակի հեղինաների` ջարդիչ-տեսակավորման տեղամասն արդեն իսկ կառուցվում է` առանց նախագծային փաստաթղթերի առկայության, առանց բնապահպանական փորձաքննության եւ համայնքի համաձայնության:

«Ջարդիչ-տեսակավորման տեղամասը վերամշակող արտադրության մաս է, այլ ոչ` հանքաքարի արդյունահանման, ինչպես դա պնդում է «GeoProMining Gold» ընկերությունը: Հետեւաբար` վերամշակող արտադրության տեղադրումը Սոթքում, հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին` հոդված 10, քանի որ  սպառնում է Սեւանա լճի էկոհամակարգին»,- նշված է նամակում:

Առաջարկվում է ջարդիչ - տեսակավորման տեղամասի կառուցման եւ գործունեության վերաբերյալ տեսչական ստուգումներ անցկացնել, որոշել  հողի եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի վրա մանրացված արտադրական թափոնների ազդեցության չափը, խախտումների մասին ակտ կազմել, ակտի համաձայն` «GeoProMining Gold» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Նամակը ստորագրված է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Ս. Ադամյանի կողմից: