Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով` Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով նա ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):
Հիշեցնենք, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը:
Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:
Շիրակի մարզի դատախազի ցուցումով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ առաջին մասերի հատկանիշներով՝ խուլիգանություն, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը:



























