Անձնագրերից անհետացող դրոշմակնիքները պետք է փոխարինվեն մատնադրոշմով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության` Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունը:
Նրա խոսքով` առավել հրատապ է ԿԸՀ-ի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է դադարեցնել քաղաքացիների անձնագրերից անհետացող դրոշմակնիքների պրակտիկան: «Եթե անհետացող դրոշմակնիքը չի կիրառվելու, ապա անհրաժեշտ են փոփոխություններ Ընտրական օրենսգրքում: Որպես ընտրությունների նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտ է կիրառել մեկ այլ մեթոդ` մատնադրոշմը: ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն առաջիկայում հանդես կգա այդ առաջարկությամբ»,-ասել է նա:
Անդրադառնելով «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությանը, Զոհրաբյանը դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, քանի որ հարցը դեռ չի քննարկվել: Խմբակցությունը սակայն իր դիրքորոշումը կհայտնի մոտ ժամանակներում:



























