Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած միջադեպը, երբ սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան:

ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  այդ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն` առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: Նրա փոխանցմամբ` նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: «Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը` Ստամբուլից մեկնել Եվրոպա, հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,- ասաց Արծվին Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանությունը եւս պարզաբանումներ էր ներկայացրել այդ կապակցությամբ: Ոստիկանությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետություն ժամանած  Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որեւէ փաստաթուղթ»: 

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, սիրիահայերի մի ընտանիքի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան եւ պատրաստվում են արտաքսել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել են: Ըստ ահազանգի, սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքը` տատը, երկու դուստրերը եւ հինգ թոռները, արդեն մեկ օր է` օդանավակայանի, այսպես կոչված, ստերիլ գոտում են` թռիչքի պատրաստվող ուղեւորների համար նախատեսված փակ տարածքում: Ահազանգողի խոսքով, սիրիահայերի ընտանիքին սահմանապահները մուտքի թույլտվություն չեն տվել, քանի որ երեխաներն արաբական ազգանուններով են, նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են: