ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հայաստան այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային իրադարձություններին եւ դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա այցը Հայաստան:
«Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են մի շարք ոլորտներում: Բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր»,-նշել է Պողոսյանը:
Նրա խոսքով` արադարացի չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը կապել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն- 2012» ուսումնավարժանքների հետ, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 15-19-ին Հայաստանում: Սակայն եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը նախորդում է այդ զորավարժություններին, ամենայն հավանականությամբ, այդ հարցը եւս կքննարկվի հանդիպումների ժամանակ»:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին եւ ՀԱՊԿ անդամությանը, Պողոսյանը նշեց, որ Հայաստանի համար այս երկու կառույցները լրացնում են միմյանց. «ՀԱՊԿ-ի հետ Հայաստանին կապում է երկկողմ ձեւաչափը, այս տեսանկյունից առավել սերտ համագործակցում են Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ –ն Հայաստանին սպառազինությունները տրամադրում է ընդունելի գներով, իրականացվում են կրթական եւ տեխնոլոգիական փոխանակման ծարգրեր: Ամեն դեպքում մի կառույցի հետ համագործակցությունը չի խանգարում մյուսի հետ գործակցությանը: Սակայն, իհարկե, կգա ժամանակը, երբ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ, բայց դա ավելի շուտ չի լինի, քան մի քանի տասնյակ տարի հետո»:




























