Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Ուկրաինայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, արքիպեսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի ծննդյան օրը:

Ուղերձում, ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, մասնավորապես ասվում է. 

«Ձեր ծննդյան կապակցությամբ ցանկանում եմ քաջառողջություն, ոգեշնչվածություն եւ հոգեւոր ուրախություն: Թող Աստված երկար տարիներ աջակցի Ձեզ Եկեղեցուն, Ուկրաինային եւ  եղբայրական հայ համայնքին  ծառայելու գործում»:

Արքեպիսկոպոս, Ուկրաինայի Հայ առաքելական եկեղեցու  թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը  ծնվել է 1946 թվականի օգոստոսի 26-ին, ձեռնադրվել է 1969 թվականին` դառնալով Ռոստովի հայ համայնքի  հոգեւոր հովիվ:  1971-73 եւ 1975-79 թթ.  եղել է հայերի հոգեւոր առաջնորդը Լիոնում եւ Փարիզում` միաժամանակ շարունակելով ուսումը: 1979-80 թթ.  եղել է Էջմիածնի ճեմարանի ռեկտորը: 1983 թվականի հոկտեմբերի 26-ին դարձել է եպիսկոպոս: 1981-1990 թթ. գլխավորել է Արգենտինայի հայ համայնքը, իսկ  1990 -1997 թթ.` Շիրակի: 2000 թվականին պատասխանատու է եղել Արմավիրի (Ռուսաստան) թեմի համար, իսկ 2001 թվականին Գարեգին Բ կաթողիկոսը նրան նշանակել է Ուկրաինայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ: