«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 31-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.12%-ով կամ 0.49 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.45 մլն. դոլար: Բոլոր 17 գործարքներն էլ իրականացվել են միեւնույն փոխարժեքով, սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ պահանջարկը փոքր-ինչ աճել է:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Բանկերի սպասումներն այնպիսին են, որ դոլարը հասել է իր նվազագույն կետին, ու հաջորդ շաբաթվանից կարող է բարձրանալ; Փոխանակման կետերի կողմից դոլարը գնվում է 407 դրամով, վաճառվում` 409 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն ամրապնդվում է դոլարի նկատմամբ եւ ընդհուպ մոտեցել է 1.26 դոլարի մակարդակին: Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն, ընդհակառակը, թանկացել է` 1 դոլարն արժե 32.5669 ռուբլի: