Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը մերժել է թե ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի, թե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՅԴ-ական  պատգամավոր Արծվիկ Մինասյանի դեմ ներկայացված դիմումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր, Էթիկայի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նրա փոխանցմամբ` երկու դիմումներն էլ մերժել են քննություն ընդունել, քանի որ ենթադրյալ խախտումները, որոնք կարող էր  էթիկայի հանձնաժողովը անդրադառնալ,  տեղի են ունեցել մինչեւ օրենքի ընդունումը:

Նշենք, որ Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի դեմ դիմում էր ներկայացրել PINK հասարակական կազմակերպությունը`  երեւանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված նշված երկու պատգամավորների արած հայտարարությունների առնչությամբ։

Իսկ Կարո Կարապետյանի դեմ դիմում էր ներկայացրել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյան Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների`  Զադոյանի վրա  2010թ կրակել էր ԲՀԿ-ական պատգամավորը, բայց հենց Զադոյանին էր մեղադրանք առաջադրվել` դիտավորությամբ պատգմավորի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Զադոյանի պնդմամբ, քրգործի շրջանակներում ձեռք բերված ապացույցները բավարար են` Կարապետյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք առաջադրելու համար: