Այս շաբաթ ցորենի միջազգային շուկայում տեղի է ունեցել ցորենի գնի հերթական ցատկը: Հինգշաբթի` օգոստոսի 30-ին Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի տոննայի արժեքը բարձրացել է մինչեւ 325 դոլար (սեպտեմբերյան մատակարարումներ), իսկ Փարիզի MATIF բորսայում` 332 դոլար (նոյեմբերյան մատակարարումներ); Գնային բարձրացումների պատճառն այն սպասումներն են, որ Ռուսաստանը կարող է ցորենի արտահանման սահմանափակումներ մտցնել արդեն սեպտեմբերին: Ըստ որոշ կանխատեսումների` Ռուսաստանում ցորենի բերքը 2012 թ. կկազմի մոտ 38 մլն տոննա, նախորդ տարվա 56 մլն տոննայի համեմատ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2010 թ. ցորենի արտահանման էմբարգո մտցրեց, երբ համախառն բերքը 41 մլն տոննա էր:
Նովոռոսիսյկի նավահանգստում չորրորդ կարգի ցորենի տոննայի արժեքը տատանվում է 9000-9500 ռուբլու սահմաններում (280-300 դոլար): Այսինքն` հուլիսի համեմատ ռուսական ցորենը չի թանկացել:
Երեւանի մանրածախ առեւտրի կետերում առայժմ ալյուրի թանկացումներ չեն նկատվում: 1 կգ բարձր կարգի ալյուրը վաճառվում է 260 դրամով, սուպեր կարգի ալյուրը` 300 դրամով: Սակայն խանութներից մեկի աշխատակիցն ասաց, որ Արմաշի ալրաղացն արդեն զգուշացրել է, որ սեպտեմբերյան մատակարարումներն իրականացնելու է ավելի բարձր արժեքով (ամենայն հավանականությամբ` ալյուրի կգ-ը կթանկանա 20 դրամով);
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ալյուր արտադրող ընկերությունները պայմանավորվել են մինչեւ սեպտեմբերի 6-ը ալյուրը չթանկացնել: Առայժմ միտումներն այնպիսին են, որ սեպտեմբերի 6-ից հետո ալյուրն անխուսափելիորեն կթանկանա:


























