Սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը ասել է. «Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, եւ կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ:
Մենք կարեւորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է:»
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար նախարար Թիմերմանն ասել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորել են բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:
Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Պայմանավորվել են շարունակել աշխատանքները երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտակրթական փոխգործակցությունը։
Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության եւ Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:




























