Չինական կուսակցական The Study Times թերթի գլխավոր խմբագիր Դեն Յուվենը իր թերթում քննադատել է երկրի գործող իշխանությանը:

Նրա քննադատության հիմնական օբյեկտ են դարձել ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն եւ վարչապետ Վեն Ցզյաբաոն, ով երկիրը ղեկավարում է վերջին տասը տարիներին: Ինչպես իր թերթում գրել է Դենը, այս զույգը կառավարման տարիներին «ավելի շատ խնդիրներ է ստեղծել, քան հաջողությունների հասել», գրում է Newsland-ը` վկայակոչելով Agence France-Presse-ին:

Դեն Յուվենը  գրել է, որ ՉԺՀ-ում գործող համակարգը մի շարք լուրջ խնդիրների աղբյուր է դարձել: Դրանցից հիմնականները նա համարում է իշխանությունների անպատասխանատվությունը, տնտեսական հնացած համակարգը, աղքատների եւ հարուստների եկամուտների հրեշավոր տարբերությունը եւ շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Լրագրողն ընդգծել է, որ ներկա իրավիճակի պահպանումը հղի է հակաիշխանական ժողովրդական ցույցերով:

Բացի այդ, նա քնադատել է կենտրոնական եւ տարածքային իշխանությունների` հաղորդակցության եւ տեղեկատվության ժամանակակից տեխնոլոգիաներին հարմարվելու անկարողությունը, մասնավորապես` սոցիալական ցանցերի միջոցով:   Խմբագիրը ղեկավարներին մեղադրել է, որ վերջիններս հնացած, ուժային մեթոդներով ճնշում են իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների ցույցերը:

Ավելի ուշ Դենի հոդվածի որոշ մասեր հանվել են, սակայն հիմնական մասը պահպանվել է: Բացի այդ, նրա  հոդվածից արված մեջբերումները ակնթարթորեն տարածվել են չինացի օգտվողների բլոգներում: