Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը ոչ այլ ինչ է, քան ապացույցն այն բանի, որ Ադրբեջանը մեծ հաշվով թքած ունի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ միջազգային հանրության վրա, եւ հեց այդ մասին էլ կհայտարարվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ:
Զոհրաբյանի խոսքով, դրա մասին է վկայում այն, որ մարդասպանին օդանավակայում դիմավորել են ԵԽԽՎ-ում եւ Եվրանեսթում Ադրբեջանի պատվիրակությունների անդամները. «Դրանով ադրբեջանական կողմն ապացուցեց, որ իր համար միջազգային հանրության կարծիքը գրոշ էլ չարժե»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ հանդես է գալու այդ թեմայով հայտարարությամբ` անկախ նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկի ադրբեջանական պատվիարկությունը:
Նշենք, որ ԵԽԽՎ նստաշրջանը Ստրասբուրգում կմեկնարկի հոկտեմբերի 1-ին:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում արդեն երկու օր է բողոքի ակցիաներ են ընթանում:




























